Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել միջազգային աշխատաժողով
Դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառում շարունակելով գիտագործնական համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը 2019 թվականի դեկտեմբերի 20-ին անցկացրել է «Դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված իրավական, կազմակերպական և գիտագործնական ապահովման խնդիրները (հայաստանյան և արտասահմանյան երկրների փորձը)» խորագրով միջազգային աշխատաժողով: Միջազգային աշխատաժողովին բացի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմից, մասնակցել են նաև դատափորձագիտության ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականներ, արտերկրի փորձագիտական կազմակերպությունների և ինստիտուտների ղեկավարներ և առաջատար փորձագետներ: Առաջին անգամ Կազմակերպության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ նշված միջոցառումն արտասահմանյան գործընկերների հետ անցկացվել է ուղիղ տեսակապի միջոցով: Աշխատաժողովը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասում ելույթներով հանդես են եկել հայաստանյան ներկայացուցիչները, իսկ երկրորդ մասում՝ արտասահմանյան փորձագիտական կառույցների և ինստիտուտների ներկայացուցիչները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը, այնուհետև ներկայացրել զեկույց՝ «Դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված իրավական, կազմակերպական և գիտագործնական ապահովման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այնուհետև, դատափորձագիտական բնագավառին առնչվող զեկույցներով հանդես են եկել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, Երևանի պետական համալսարանի կենսաբժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը, ԵՊՀ-ի Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Ենգիբարյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Աշխատաժողովի առաջին մասն ավարտվել է Կազմակերպության փորձագետների զեկույցով՝ նվիրված մտավոր սեփականության օբյեկտների դատափորձագիտական հետազոտությունների իրավական, կազմակերպչական և մեթոդական յուրահատկություններին: Աշխատաժողովի երկրորդ մասում ուղիղ տեսակապի միջոցով՝ ընդ որում իրականացնելով բոլոր մասնակից երկրների միաժամանակյա տեսակապի ապահովումը, զեկույցներով հանդես են եկել արտասահմանյան փորձագիտական կառույցների և ինստիտուտների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մոլդովայի Արդարադատության նախարարության դատական փորձաքննության ազգային կենտրոնի տնօրեն Օլգա Կատառագան, Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննության պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ. Իգոր Մոռոզը, Ուկրաինայի Հանրապետության արդարադատության նախարարության մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննությունների հարցերով գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ի.գ.դ., պրոֆեսոր Վլադիսլավ Ֆեդորենկոն և այլք, որոնք ներկայացրել են աշխատաժողովի թեմայի շրջանակներում իրենց երկրների փորձն ու ձեռքբերումները, ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների դրական կողմերն ու առկա բացերը: Աշխատաժողովի ավարտին տեղի են ունեցել քննարկումներ օրենսդրական դաշտի կատարելագործման, դատափորձաքննությունների իրականացման որակի բարելավման, քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների հետ փոխգործակցության մակարդակի բարձրացման, հետազոտությունների նոր տեսակների մշակման և ներդրման, առկա մեթոդաբանական բազայի բարելավման ռազմավարական խնդիրների և այլ հարցերի ուղղությամբ:
Աշխատաժողովի հիմնական նպատակներից մեկն էր հանդիսանում նաև օժանդակելու Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N1441-L որոշմամբ հաստատված ռազմավարությամբ նշված «Դատափորձագիտական գործունեության մասին օրենք»-ի և ենթաօրենսդրական ակտերի մշակմանը, հաշվի առնելով արտասահմանյան տարբեր երկրների փորձն ու ձեռքբերումները:
28 Դեկտեմբեր 2016